Վերապրածներ

Նազիկ Արմենակյան
20 000AMD

Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ Նախագիծն ընդգծում է լուսանկարչության կարևորությունը՝ 1915-ը ընկալելու և անհատական ինքնության վրա դրա հետևանքները ըմբռնելու գործում:
«Վերապրածներ» ֆոտոգիրքը տպագրվել է 2015-ին։ Այն կազմված է 40-ից ավելի սև-սպիտակ և գունավոր լուսանկարներից և շուրջ 35 վկայությունների բացառիկ արձանագրություններից որոնք հրատարակվել են առաջին անգամ։ Գրքի ծավալուն նախաբանը հեղինակել է անվանի ֆրանսիահայ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանը որտեղ մեկնաբանվում են վերապրածների փորձառությունը ներկայացնելու, ըմբռնելու խնդիրները։
Գրքի խմբագիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը իր տեքստում դիտարկում է Արմենակյանի լուսանկարների նշանակությունը որպես աղետի հետևանքների և ներկայի միջև հարաբերակցություն ստեղծող տարածք։ Իր ձևավորման և հայեցակարգային լուծումների շնորհիվ, «Վերապրածները» լոկ պատկերների ու վկայագրությունների զետեղում չէ այլ պատումի ուրույն ձև և արվեստի ինքնուրույն առարկա։
Այն ընդլայնում է լուսանկարի տեսողական շրջանակները, դառնալով աղետալի անցյալի վերլուծության, բացահայտման և հարաբերակցման միջոց։

Հրատ․ ՝ 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն
Հրատ․ տարեթիվ՝ 2015
Կազմը` կոշտ
Էջերի քանակը` 152
Չափսերը` 22 x 33 սմ
Քաշը` 1 100 գր.
Լեզուն` հայերեն, անգլերեն
ISBN: 978-9939-1-016